Համո Սահյան․ Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Ամպրոպ

Կապույտ երկինք

Կանաչ խոտեր

Ճերմակ շուշան

Կարմիր կակաչ

Դեղին մեղրածաղիկ

Բարձր սարեր

Խոր ձորեր

Արձակ տափաստան

Խոնարհ ծառեր

Հավքեր

Բարի արև

Մենք

Հասկանալի աշխարհ

  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Առանց <<ամպրոպից հետո>> և <<ավելի>> բառերի բանաստեղծությունը կկորցներ իր իմաստը։

  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Այս բանաստեղծության իմաստը այն է, որ երբ մարդ ջղային է կամ ինչ-որ մեկից նեղացած է, բարիշելուց կամ հանգստանալուց հետո ամեն ինչ ավելի լավ է թվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով